Categories
Վերջին լուրեր

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ. Ո՞Վ Է ՆԱ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ»

22-ամյա Արմինե Գրիգորյանը ծնունդով Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղից է։ Գեղեցիկ և առաջին հայացքից փխրուն աղջիկն իրականում իսկական մարտիկ է։ Չնայած ընդունված կարծրատիպերին, նա բոլորովին կանացի մասնագիտություն չի ընտրել։ Արմինեն զինծառայող է։

Ողջ մանկությունն աղջիկն անցկացրել է կրակոցների ձայների տակ։ Հենց սահմանամերձ գյուղում անցկացրած տարիներն են դարձել մասնագիտական անսպասելի ընտրության պատճառը։

Արմինեն սովորել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Հետո ծառայության է անցել Զինված ուժերում որպես դասակի հրամանատար։
Իսկ վերջերս նա մասնակցել է Հայաստանում անցկացված «Խաղաղության մարտիկ» մրցաշարին։ Դրան ամեն տարի մասնակցում են բարեկամ երկրների զինծառայողներ, օրինակ՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Հունաստանից, Իրանից։

Այս մրցաշարում Հայաստանն առաջին անգամ հաղթող է ճանաչվել։

Մեր Արմինեն հաղթել է «Դիպուկահար», «Ռազմական պատմության գիտելիքների ստուգում» և «Էրուդիտ» անվանակարգերում։ Արմինեն մրցաշարին մասնակցող կանանց ընդհանուր հաշվարի արդյունքներով լավագույնն է ճանաչվել։