Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՎՏՈՎԹԱՐ ՄԱՐՏԱԿԵՐՏ-ՎԱՐԴԵՆԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ․ ՎԱՐՈՐԴՆ ՈՒ ԵՐԿՈՒ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ

Արցախի Հանրապետությունում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում Քաշաթաղի վարչական տարածքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել:

Մեքենայի ղեկին եղել է ՀՀ քաղաքացի 41-ամյա Մանվել Ղրմաջյանը։  Վերջինիս մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից գլորվել մոտ 9 մետր խորությամբ ձորը:

Ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 44-ամյա Արմեն Հայրապետյանը ( ՀՀ քաղաքացի) և 33-ամյա Արմեն Ավանեսյանը ( ԱՀ քաղաքացի) տեղում մահացել են:

Categories
#ՊԱՏԱՀԱՐ

ԱՐՑԱԽՑԻ ՏՐԱԿՏՈՐԻՍՏԸ ԽԱՉՔԱՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՎԱՐ ԱՆԵԼԻՍ

Օրեր առաջ Արցախի Նորագյուղ համայնքի բնակիչ Արթուր Հակոբյանը սովորականի պես կատարում էր հերկի հերթական աշխատանքները, երբ նրա տրակտորը խոչընդոտի բախվեց։

Պարզվեց, որ տրակտորի խոփը դեմ էր առել հողի տակ թաղված խաչքարի։ Տղամարդը հարևանությամբ աշխատող մարդկանց հետ միասին հատուկ մեքենայի օգնությամբ խաչքարը հանել են հողի տակից և զգուշորեն ազատել հողաշերտից։

Գյուղացիները արել են այն ամենը, ինչ կարող էին։ Հիմա հերթը  հնագետներինն ու պատմաբաններին է։ Նրանք պետք է ուսումնասիրեն խաչքարը և համապատասխան գնահատական տան։

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԻ ՀԵՏ ՄՈՍԿՎԱ

Երեկ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին կանչել էին Արտաքին գործերի նախարարություն։ Պատճառը, ինչքան էլ զարմանալի է, բայց և նույնքան սպասելի․ դեսպանին բողոքի նոտա հանձնեցին։

Վերջերս Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ու Երիտասարդության և տուրիզմի հարցերի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը եղել են Մոսկվայում, որի ընթացքում մասնակցել են  հանրապետությանը նվիրված մի շարք միջոցառումների ու հանդիպումներ են ունեցել տեղի փորձագետների և հետազոտական կենտրոնների աշխատակիցների հետ:

Համացանցի ադրբեջանական հատվածը սպասելիորեն անհանգստացավ։ Իհարկե, այդ փաստի հետ կապված հնչեցին բազում անհեթեթ արտահայտություններ, ինչպես օրինակ՝ «Ադրբեջանին պատկանող Լեռնային Ղարաբաղի շրջանի, որը ներկայումս գրավված է Հայաստանի կողմից, ապօրինի ռեժիմի ներկայացուցիչներ․․․»։ Շարունակությունն էլ ավելի ծիծաղելի է։

Բայց կա մի բան, որ ադրբեջանական կողմը բաց է թողել իր ուշադրության կենտրոնից․ Մայիլյանն ու Հովհաննիսյանը անձնական այց են կատարել Ռուսաստան։

Այնպես որ, համարենք սա հերթական փորձ՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունները խախտելուն։

Categories
#ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ԶՈՀՎԵԼ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել:

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Էրիկ Արարատի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Զուգահեռաբար ճշտվել է, որ ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վնասվածքով ։ Հարուցվել է քրեական գործ ՔՕ 110-րդ հոդվածով ՝ «Ինքնասպանության հասցնելը» ։

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՋԱՆԱՍԻՐԱԲԱՐ «ԼՈՒԾԵԼ» ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ

Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը հարմար առիթը բաց չի թողնում` խոսելու իր համար կարևոր հարցերի շուրջ, որոնց թվում, չգիտես ինչու, կա նաև Արցախյան հակամարտության հարցը։ 

Այս անգամ էլ այդ հարմար առիթը Ստամբուլում անցկացվող Միջնորդական 6-րդ համաժողովն էր։

Բացման արարողության ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Արցախյան հակամարտության մասին։ Նրա խոսքով՝ Թուրքիան կողմ է, որ «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի օկուպացված տարածքների խնդիրը» լուծվի դիվանագիտական ճանապարհով:

«Խնդրի կարգավորման համար այս տարի ավելի շատ ջանք ենք գործադրելու»,- ասել է Չավուշօղլուն։

Դե, մենք լավ գիտենք թուրքական դիվանագիտությունը։ Սիրիան հոյակապ օրինակ է։

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղում կայացել է ոգեկոչման մոմավառություն՝ ի հիշատակ անհայտ կորած ազատամարտիկներ Ժորա Հարությունյանի և Գրիշա Աղաջանյանի ծննդյան 60-ամյակներին։

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հերոսներն առաջիններից էին, ովքեր միանգամից առաջնագիծ նետվեցին՝ պաշտպանելու թիկունքում գտնվող հայրենիքն ու հարազատներին։ Ժորա Հարությունյանն անգամ չէր հասցրել հայր դառնալ․ առաջնեկին էր սպասում կռիվների ամենաթեժ շրջանում։ Դուստրը լույս աշխարհ եկավ հորը տեսնելու հնարավորությունից զրկված։ Իսկ Գրիշա Աղաջանյանի ներկայության պակասն ամենաշատն զգում են 3 որդիներն ու 9 թոռնիկները։

Հիշատակի ոգեկոչման միջոցառմանը ներկա էին ազատամարտիկների ընտանիքների անդամները, հարազատներն և համագյուղացիները։ Մոմավառության արարողությունը կայացել է Նոր Ղազանչի գյուղի անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշաղբյուրի մոտ։

Categories
Վերջին լուրեր

ԱԼԻԵՎԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱԿ ՀԱՅՏՆՎԵԼ Է «ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԵՎ ՎԵՐՋ» ԳՐԱՌՈՒՄԸ

Այն բանից հետո ինչ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հնչեցրեց «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը, Ադրբեջանի նախագահն իր պարտքը համարեց Սոչիում «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի լիագումար նիստին ունեցած ելույթի ժամանակ հայտարարել «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»։

Այս արտահայտությունը չի կարող անտարբեր թողնել ոչ մի բանական մարդու։ Այդ իսկ պատճառով մեր հայրենակիցներից մեկը Թբիլիսիում Հեյդար Ալիևին նվիրված արձանի վրա ավելացրեց մի չքնաղ պաստառ։

Դրա վրա հայերեն, ռուսերեն, անգլերեն և ադրբեջաներեն լեզուներով գրված է «Որդի՛ս, Արցախը Հայաստան է, և վերջ», իբր՝ Ալիևն ավագն այդ խոսքերը հղում է իր որդուն։

Այն դեպքը, երբ համաձայն ես Ալիևի հետ։

Categories
Վերջին լուրեր

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՊՐԻԼՅՍՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱՀԱՏԱԿԻ ՀԱՅՐ՝ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՍԱՐՈ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Սարո Սիմոնյանն Արցախյան հերոսամարտի մասնակից էր, շատ հերոսների նման հաղթանակի համար առողջությամբ էր վճարել։ Կորցրել էր աչքը, ու ևս մի քանի տարբեր ախտորոշումներով հաշմանդամության երկրորդ կարգ ուներ։ Այդ ամենով հանդերձ՝ ուժեղ մարդ էր, չէր կոտրվել ստացած հարվածներից։

Բայց ամենածանր հարվածը կյանքը նրան հասցրեց Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ․ Հերոսի մահով զոհվեց որդին՝ Նվերը, ով շարունակում էր հոր գործը՝ ծառայելով հատուկ նշանակության հետախուզական վաշտում։

Հերոսի մահով զոհվեց որդին՝ Նվերը, ով շարունակում էր հոր գործը՝ ծառայելով հատուկ նշանակության հետախուզական վաշտում

Որդու կորուստն այն հարվածն էր, որը միանգամից ծերացրեց Սարոյին, նրանից խլեց չհանձնվող զինվորի աչքերի փայլը։ Բայց 4 որդիներն ու 3-ամյա դուստրը ստիպեցին նրան ապրել։

Սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքը նոր էր տեղափոխվել բարերարների ջանքերով վերանորոգված բնակարան։

Բայց, ցավոք, Սարոյին վիճակված չէր տեսնելու կյանքի 53-րդ գարունը։ Պատերազմի դաժանությունն ու որդու կորստի ցավն ապրած սիրտը դադարեց գործել․ Սարո Սիմոնյանը մահացավ սրտի կաթվածից՝ կնոջ և երեխաների ներկայությամբ։

Շնորհակալությո՛ւն Ձեզ, Սարո՛, այն բոլոր տանջանքների համար, որ օգնեցին ապրել հայ ազգին։ Հավերժ հիշատա՛կ։

Categories
Վերջին լուրեր

ԱՐՄԱՆ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետմահու պարգևատրել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Բուլղադարյանին Մարտական ծառայության մեդալով:

Արման Բուլղադարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Հուլիսի 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Արդյունքում Արմանը զոհվել էր դիպուկահարի փամփուշտից, ևս երկու զինվորներ ծանր վիրավորվել էին։

Արմանն ընդամենը 24 տարեկան էր։

Categories
Վերջին լուրեր

ՏԱՆԿԻՍՏ ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 23 ՏԱՐԵԿԱՆ

Գյումրեցուն բնորոշ կենսուրախությամբ ու չպարտվող տանկիսկի հպարտությամբ է հիշվում ապրիլյան քառօրյա պատերազմում կյանքի գնով դիրքը պահած տանկիստը՝ Տիգրան Աբգարյանը։

Նա վարում էր 321-րդ տանկը, որով ճեղքել էր թշնամու հրետանային կրակը, դուրս եկել կրակային բնագծից, և խոցելով թշնամու 3 տանկ՝ խոցվել հակառակորդի կողմից։

Ռազմական գործողությունների թեժացման օրը, խոսելով ընտանիքի անդամների հետ, վստահեցրել է, որ իրենց մոտ հանգիստ է, թեժ մարտերի մասին տարածված լուրերը հեռու են իրենցից, այնինչ՝ հենց հաջորդ գիշեր պետք է մխրճվեր հակառակորդի տանկերի մեջ․․․

Նրա կորուտն այսօր էլ չի սպիացել հարազատների ու մտերիմների սրտերում, բայց նրա գիտակցված հերոսությունը պարտավորեցնում է նրանց ապրել ու շարունակել նրա պայքարը։ Տիգրանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը, բոլորին քաջ հայտնի «անվադողեր հավաքող» «բանակի տղան» է, ով բանակի նկատմամբ իր նվիրումով մշտապես ապրեցնում է Տիգրանի և ընկերների վառ հիշատակը։

Ծնունդդ շնորհավոր, անմահ հերոս․․․