Categories
Վերջին լուրեր

ՀԱՅ ՍԱՐԿԱՎԱԳԸ ՍԻՐԻԱԿԱՆ ԷԼ-ՔԱՄԻՇԼԻԻՑ ՊԱՏՄԵԼ Է ՏԵՂԻ ՀԱՅԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Էլ-Քամիշլիի ազգային առաջնորդարանի խոսնակ Սարկավագ Հակոբ Պարսումեանը պատմել է տեղի հայերի վիճակի մասին։

Սարկավագ Պարսումեանի խոսքով՝ այժմ այս շրջանը Սիրիայի կառավարական զորքերի հսկողության տակ է։ Սկզբնական շրջանում, երբ տեղի հայերը լսեցին թուրքական զորքերի առաջխաղացման մասին, մտահոգված էին, սակայն այժմ բավականին հանգիստ են։ Վերջին օրերի դեպքերից հետո միայն մի քանի ընտանիք է դուրս եկել քաղաքից, մյուսները մնացել են։

Խոսելով նախկինում այստեղ եղած հայերի մասին՝ նա նշել է, որ վաթսունականներին այստեղ 3000 հայ ընտանիք կար, պատերազմից առաջ 1150, իսկ այժմ ընդամենը 425 ընտանիք է մնացել։

Թուրքական շարժման առաջին իսկ օրից ՀՀ ղեկավարության թելադրանքով Դամասկոսի Հայաստանի դեսպանը, Հալեպում ՀՀ հյուպատոսը և դեսպանատան աշխատակազմը իրենց աջակցությունը հայտնեցին, անընդհատ կապի մեջ էին, ցուցմունքներ էին տալիս, թե ինչ անել։ Ամենօրյա կապ է եղել նաև Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիսում սկսել էր «Խաղաղության աղբյուր» օպերացիան։ Թուրքական կառավարությունը նշել էր, որ գործողության նպատակն ահաբեկչության դեմ պայքարն է։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր Թուրքիայի և Սիրիայի սահմանին գտնվող Քոբանի քաղաքը գրավելու ծրագրերի մասին։ Վերջին շաբաթվա ընթացքում թուրքական զորքերը ոչնչացրել են մեծ թվով քուրդերի, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են եղել։