Categories
#ՊԱՏԱՀԱՐ

Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու լուսանկարները ցուցադրվում են Նյու Յորքում

«Հայտնի են դառնում Անատոլիայի (Արևմտյան Հայաստան) թաքնված հուշարձանները». ահա այն նախագիծը, որի շրջանակներում Նյու Յորքում ցուցադրվում են Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարները։

Ցուցահանդեսի բացմանը բավականին բարձրաստիճան հյուրեր են եղել։ Միջոցառմանը ներկա է գտնվել Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոս Ալփեր Աքթաշը, Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բեդրոս Շիրինօղլուն, ինչպես նաև հայկական ու թուրքական համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացմանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել:

Պոլսի պատրիարքի տեղապահ Սահակ Սրբազանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում նշել է, որ այս մշակութային նախաձեռնությունը թուրք և հայ ժողովրդի միջև դժվարությունները հաղթահարելու միջոց է, ինչպես նաև բարի կամքի վրա հիմնված կամուրջ ավելի լավ ապագայի և փոխըմբռնման համար։

Մաշալյանը շնորհակալություն է հայտնել թուրք լուսանկարիչ Իզզեթ Քերիբարին, որն անմահացրել է Սուրբ Խաչ եկեղեցու պատկերները:

Ցուցահանդեսին ներկայացվել է Վանա լճի Աղթամար կղզու և Սուրբ Խաչ եկեղեցու 88 լուսանկար: Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար առաջիկա 20 օրերի ընթացքում։